20 փետրվարի 2016 - 11:13 AMT
Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը

«Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչկան գործողության պատասխանատվությունը: Թուրքիայում գործող «Քրդստանի ազատության բազեներ» (Kurdistan Freedom Falcons - TAK) խմբավորումը փետրվարի 19-ին համապատասխան հայտարարություն է տեղադրել իր կայքում:

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ:

Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ դա վրեժ էր թուրքական Ջիզրե քրդաբնակ քաղաքում ստեղծված վիճակի համար, որտեղ թուրքական բանակի և քրդական կազմավորումների միջև մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, ևս տասնյակ հազարավորները փախստական են դարձել:

Ավելի վաղ սիրիաբնակ քրդերը մերժել էին իրենց առնչությունն այդ հարձակմանը:

Խմբավորման մասին քիչ բան է հայտնի: Համարվում է, որ այն անջատվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունից ավելի քան 10 տարի առաջ, թեև որոշ փորձագետներ կարծում են, որ կապը երկու կազմակերպությունների միջև պահպանվում է: Վերջին անգամ TAK-y պատասխանտվություն էր ստանձնել Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակման համար, որի հետևանքով դեկտեմբերին 1 մարդ զոհվեց:

Անկարայում հզոր պայթյունին մեղսակցության կասկածանքով արդեն 17 մարդ է ձերբակալվել: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) պայթյունի կազմակերպման մեջ: Նա գտնում է, որ Թուրքիայում նրանց օգնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: Ըստ Դավութօղլուի, պայթյունը ցույց է տալիս YPG-ի ահաբեկչական էությունը, որոնց նա պատասխանատու է համարում կատարվածի համար: Թուրքիայի դատախազությունը փետրվարի 19-ին հայտարարեց, որ հետաքննությունը «գրեթե» ավարտված է:

Վաշինգտնոը քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ահաբեկչական կազմակերպություն չի համար և սատարում է ԻՊ դեմ նրա պայքարին: