20 հունվարի 2007 - 14:34 AMT
AEFJD. Հրանտ Դինքին սպանել է Թուրքիան
«Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է այս ահավոր սպանությունը: Հրանտ Դինքին սպանել է Թուրքիան»,- հայտարարել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, երկրում, որտեղ կրթական համակարգը եւ քաղաքական մշակույթը թուրքերին սադրում է այլ ազգերի ներկայացուցիչների դեմ, իսկ ռասիստական եւ ծայրահեղական կազմակերպությունները գործում են բացահայտ, դժվար է խոսել ինչ-որ փոփոխությունների մասին: «Ինչ էլ որ ցույց չտա հետաքննությունը, թուրքական պետությունը մեծ պատասխանատվություն է կրում այս սպանության համար: Թուրքիայի իշխանությունները ի վիճակի չեն ապահովել լրագրողների եւ մտավորականության ներկայացուցիչների անվտանգությունը եւ պետք չէ զարմանալ, որ նման գործողությունները տեղի են ունենում որեւէ հայի նկատմամբ»,- հայտարարել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ տասնյակ «այլախոհների» շրջանում, որ հակազդում են Թուրքիայի դիրքորոշմանը, հենց հայը դարձավ մարդասպանի թիրախը: «Այս մտածված քայլը ուղղված է Թուրքիայի հայ համայնքի շրջանում վախի մթնոլորտի պահպանմանը եւ, հավանաբար, այն բանի ցուցադրմանը, որ խոսքի ազատությունը եւ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները իրենց սահմաններն ունեն, որոնք չի կարելի անցնել»,- նշել է Չոբոյանը:

AEFJD-ի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ թուրքական կառավարությունը Հրանտ Դինքի սպանությամբ Եվրոպայում կորցրեց լիբերալ պետության իմիջը: Թուրքիան պետք է հասկանա, որ կորցրել է Եվրոպա մտնելու իրավունքը: