
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է Global Privacy Enforcement Network (GPEN) միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ցանցը ձևավորվել է 2010-ին Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպության՝ 2007-ին ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության օրենքների կատարման միջսահմանային գործակցության» հանձնարարականի հիման վրա:
Կազմակերպությունը կոչ է անում անդամ պետություններին հիմնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների ոչ պաշտոնական ցանց՝ խթանելուգործակցությունը տեղեկատվության փոխանակման, վերապատրաստման հնարավորությունների ստեղծման, օրենքի կիրարկման նորարարությունների, անդամ պետությունների հետ երկխոսության միջոցով:
GPEN անդամներն են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ալբանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Ավստրալիայի և այլ երկրների անձնական տվյալների պաշտպանությունը վերահսկող մարմինները:
2015-ի հուլիսին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունելՀՀ րդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: