26 փետրվարի 2016 - 15:52 AMT
ԱԺ փոխնախագահը հանդիպել է Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակի հետ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:

Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում պետք է քննարկվեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը քննարկվել է փետրվարի 25-ին և հերթական անգամ հետաձգվել` Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակը:

Երկուստեք կարևորվել է թե՛ Բունդեսթագի, թե ՛միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ոճիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:

Կողմերն արձանագրել են, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է, հայտնում է ԱԺ փոխնախագահի աշխատակազմը:

Բուդեսթագում Քրիստոնյա-դեմոկրատներն առաջարկել են բանաձևը քվեարկության չդնել և մինչև 2016 թվականի ապրիլ 24-ը (քիչ այս կամ այն կողմ) միասնական համաձայնության գալ և միասնական բանաձևը այն ժամանակ ավելի բարենպաստ վիճակում քննարկման դնել: Բանաձևը քվեարկության չի դրվել, սակայն և չի մերժվել, այլ հետաձգվել է:

2015-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին:

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել. «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածւ ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և Գերմանիայի նախագահը, և խորհրդարանի նախագահը, նշել է.«Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»: