27 փետրվարի 2016 - 10:30 AMT
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանն իր օդային տարածքում ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1300 կրակոց:

Միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել հանրապետության օդային և ցամաքային սահմաները, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը շփման գծում լարվածությունը պահպանվել է: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց:

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: