27 փետրվարի 2016 - 11:07 AMT
Հայ համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության դիմաց

ՄԱԿ-ում՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, փետրվարի 26-ին հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ Սումգայիթի ջարդերի վերաբերյալ ընդդեմ ադրբեջանական քարոզչության։

Նյույորքյան ակցիայի մասնակիցների ձեռքերին կային «Ալիև, դադարեցրու սուտը», «Դադարեցրեք պատերազմի սպառնալիքները», «Մենք հիշում ենք Սումգայիթը», «Ադրբեջան, ընդունիր մեղքդ» և այլ խորագրերով ցուցապաստառներ, գրում է Tert.am-ը։

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց:

Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։

Առկա տեղեկու թյունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից: Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից փրկված հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը:

1988-ի մարտի 8-ին Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան (գործ՝ Ա. Հակոբյանի), Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի (Ծիծեռնակաբերդ, Երևան) մոտ տեղադրված է խաչքար: