29 փետրվարի 2016 - 16:10 AMT
Քաղաքապետ. Ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 27-ին իրականացված ապօրինի ծառահատումների վերաբերյալ ահազանգի հետ կապված ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ:

Փետրվարի 27-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում ծառեր են հատվել:

Նախապատրաստվել են գրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչություն, Երևան քաղաքի ոստիկանություն և դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու համար:

Քաղաքապետ Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետամուտ լինել հարցի վերաբերյալ հետագա զարգացումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումների հարցում քաղաքապետարանի դիրքորոշումը մշտապես եղել ու լինելու է կոշտ:

«Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ», - ընդգծել է Մարգարյանը:

Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ:

Փետրվարի 29-ին հայտնի է դարձել, որ ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը, գրում է «Ա1+»-ը: Ծառեր են հատվում նաև Ագրարային համալսարանի դիմացի այգում:

Միաժամանակ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկելու են ծառերի գարնանային էտի աշխատանքները՝ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության վերահսկողությամբ:

Քաղաքապետարանը նշում է, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, և ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան:

Նշվում է նաև, որ խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Ւնդգծվում է, որ գարնանային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի:

Photo: Զարա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից