14 մարտի 2016 - 22:04 AMT
Պուտինը հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորամիավորման հիմնական մասը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական զորամիավորումը դուրս բերելու գործընթացը:

«Համարում եմ, որ ՊՆ առջև դրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարված են: Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից սկսել Սիրիական Արաբական հանրապետությունից մեր զորամիավորման հիմնական մասը դուրս բերելու գործընթացը», - ասել է նա պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շույգուի ու Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ նախագահը նշել է, որ որոշումը պայմանավորված ու համաձայնեցված է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Ընդ որում, Խմեյմիմ օդանավակայանում ու Տարտուս նավահանգստում տեղակայված ռուսական ուժերը մնալու են Սիրիայում: Թե կոնկրետ ինչ ուժեր են դուրս բերվելու երկրից, ՌԴ նախագահը չի մանրամասնել:

2015 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը հարվածներ է հասցնում «իսլամական պետության», «Ջեհբաթ ան-Նուսրայի» ու իսլամիստական այլ խմբավորումների դիրքերին: Թուրքիան, Արևմուտքն ու ընդդիմությունը մեղադրում են ռուսական կողմին նաև խաղաղ բնակիչների ու աշխարհիկ ընդդիմության դիրքերի ռմբակոծման մեջ, Մոսկվան մեղադրանքները հերքում է: Գործողության ընթացքում ռուսական զորամիավորումը կորցրել է առնվազն մեկ Սու-24 ռմբակոծիչ (ոչնչացվել է թուրքական օդուժի կողմից 2015 թ. նոյեմբերին) ու մեկ Մի-24 ուղղաթիռ (ոչնչացվել է Սու-24-ի օդաչուների որոնողափրկարարական գործողության ժամանակ): Զոհվել է մեկ ռազմական օդաչու, մեկ հատուկջոկատային: