13 նոյեմբերի 2002 - 18:54 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱՅՍՕՐ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ, ԱՅԼ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը այսօր լուծում են ոչ թե քաղաքական գործիչները կամ զինվորները, այլ գործարարները: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` ելույթ ունենալով Երեւանում ԼՂՀ սոցիալ-տնտեսական հեռանկարներին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ: Քաղաքական հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է տնտեսական խնդիրների լուծմամբ, նշել է ԼՂՀ նախագահը` կոչ անելով Հայաստանի եւ սփյուռքի ձեռներեցներին ավելի համարձակորեն ներդրումներ կատարել Ղարաբաղի տնտեսության մեջ: Նա հույս է հայտնել, որ նրանք նաեւ ակտիվորեն կմասնակցեն համազգային հեռուստամարաթոններին, որոնք մոտ ժամանակներս կկայանան Փարիզում եւ Լոս-Անջելեսում: Չճանաչված լինելու պատճառով միջազգային վարկերից զրկված` ԼՂ տնտեսական զարգացման ապահովումը Արկադի Ղուկասյանը անվանել է համազգային խնդիր: Նրա խոսքերով, այսօր, ինչպես եւ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի տարիներին, ամբողջ հայության հիմնախնդիրները լուծվում են Ղարաբաղում: Եթե մենք կորցնենք Լեռնային Ղարաբաղը, չենք կարողանա բարձրացնել ոչ մի այլ համազգային հարց, ընդգծել է նախագահը: «Եթե մենք չկարողանանք ամրապնդել մեր ռազմական հաղթանակը տնտեսական հաղթանակով, մենք կկորցնենք ամեն ինչ»,- նկատել է Արկադի Ղուկասյանը: Նախագահի խոսքերով, այդ տեսակետից չափազանց կարեւոր է բաց չթողնել ժամանակը: Քաղաքական առումով Լեռնային Ղարաբաղը կպաշտպանի իր անկախությունը, նկատել է Ղուկասյանը: Նրա խոսքերով, ղարաբաղցիները չեն ցանկանում ներքաշել Հայաստանը այդ քաղաքական պայքարի մեջ: «Մենք գտնում ենք, որ ԼՂ-ն ի վիճակի է պաշտպանել իրեն, իսկ Հայաստանը մնում է ղարաբաղյան ժողովրդի եւ պետության երաշխիքը»,- ընդգծել է ԼՂ նախագահը: