31 հունվարի 2007 - 14:38 AMT
Պատասխանատվությունից խուսափելու համար Ցեղասպանությունն իրագործողները սկսում են ժխտել այն
Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) ներկայացուցիչները նախօրեին մասնակցել են Կանադայի Հրեաների կոնգրեսի կողմից կազմակերպված խորհրդաժողովին, նվիրված ռազմական հանցագործությունների համար պատժելիության հարցերի քննարկմանը: Ելույթ ունենալով խորհրդաժողովում, ANCC գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը հայտարարել է. «Կարելի է ճակատագրի հեգնանք համարել այն փաստն, որը այսօր, նոր դարի սկզբին եւ Հայոց ցեղասպանությունից 92 տարի անց, մենք, Ցեղասպանության եւ Հոլոքոսթի զոհ դարձած ժողովրդների ներկայացուցիչներս, հավաքվել ենք հիշեցնելու համար միջազգային հանրությանը կատարողներին պատասխանատվության կանչելու իր պարտավորությունների մասին: Կանադան եւ միջազգային հանրությունը չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ ուղղակի հետեւել նոր ցեղասպանության կատարմանը: «Այլեւս երբեք» խոստումը չպետք է անյալի արձագանքը լինի, այլ մեր բարոյական ուղեցույցը ապագա Հոլոքոսթերի, Ցեղասպանությունների եւ էթնիկ զտումների կանխարգելման գործում: Պատասխանատվության ենթարկելով նման հանցագործությունների կազմակերպիչներին, ճանաչելով դրանք եւ արգելելով ցեղասպանությունների ժխտումը` Կանադան եւ միջազգային հանրությունը կարող են հստակ ուղերձ հղել բռնակալներին այն մասին, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի անմարդկային վերաբերմունք մարդկանց հանդեպ: Պատասխանատվությունից խուսափելու համար, Ցեղասպանության կատարողները առաջին հերթին սկսում են ժխտել նրա իրողությունը:

Ցանկացած զանգվածային սպանության ժխտում խուսափում է պատասխանատվությունից եւ ատելություն է ծնում է զոհերի հանդեպ: Ժխտումն աղետալի հետեւանքներ է ունենում ազգերի եւ քաղաքացիական հասարակությունների վրա: Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը ժխտման հասկացության արտահայտման խտացումն է:

Ապշեցուցիչ լկտիությամբ Թուրքիան «արտագրեց» Հայոց ցեղասպանության պատմությունը եւ ներկայացրեց իրեն որպես զոհ: Ինչպես տեսնում ենք, առանց հանցագործությունը ճանաչելու եւ մեղավորներին պատժելու չի կարող հաշտեցում լինել:

Մենք կոչ ենք անում Կանադայի կառավարությանը նախաձեռնությունն իր ձեռքն առնել եւ դիմել ՄԱԿ-ին առաջարկելով Ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման վերաբերյալ ՄԱԿ-ի Կոնվենցիայում ուղղում կատարել Հոլոքոսթի եւ բոլոր ցեղասպանությունների ժխտման մասին, հաղորդում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: