31 հունվարի 2007 - 15:59 AMT
Հայոց ցեղասպանություն. ԱՄՆ-ն պարտավոր է երաշխավորել, որ անցյալի դասերը չեն մոռացվի
ԱՄՆ-ն պատմական եւ բարոյական պատճառներ ունի ճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը, որի զոհ դարձան 1,5 մլն հայեր, հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը մամլո ասուլիսում, որը հաջորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներկայացմանը: Մամլո ասուլիսին մասնակցեցին նաեւ կոնգրեսակններ Ֆրենկ Փալոնեն, Ջո Նոլենբերգը, Ջորջ Ռադանովիչը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռոզ Բաբոյանը եւ Սիրարփի Հոյանը: Ինչպես հայտարարել է Ադամ Շիֆը, «ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւս մեկ լուրջ պատճառ ունի` ինչպե՞ս մենք կորղ ենք արդյունավետ քայլեր ձեռնարկել Դարֆուրում ցեղասպանության դեմ, եթե չենք ցանկանում դատապարտել ցեղասպանությունը, անկախ նրա իրագործման վայրից եւ ժամանակից»: «Ես հուսով եմ, որ Կոնգրեսի նոր ղեկավարության հետ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել բանաձեւի ընդունմանը»,-նշել է նա:

Իր հերթին Ջորջ Ռադանովիչը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ բանաձեւը ստացել է Ներկայացուցիչների պալատի լուրջ աջակցությունը: «ԱՄՆ-ն պարտավոր է երաշխավորել, որ անցյալի դասերը չեն մոռացվի»,-նշել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը հայտարարել են, որ «ցեղասպանություն ճանաչելով 1,5 մլն հայերի սիստեմատիկ ոչնչացումը, մենք կհիշեցնենք աշխարհին այն ժողովրդավարական եւ մարդկային արժեքների մասին, որոնց վրա հիմնաված է մեր երկիրը», հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: