23 մարտի 2016 - 16:41 AMT
Արգենտինահայ ընտանիքին պատկանող «սթեյքհաուզը»` Լոս Անջելեսի լավագույն ռեստորան

Մարտի 22-ին Բոզողլյանների ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի Մելռոուզ ավենյուի հայտնի արգենտինյան ռեստորանը ճանաչվել է Լոս Անջելեսի թիվ 1 ռեստորանը: Գնահատականը տվել է ռեստորանների ամրագրման և գնահատման առաջատար Open Table կայքը, հայտնում է Asbarez-ը:

Carlitos Gardel արգենտինյան սթեյքհաուզը համարվել է ռեստորաններից լավագույնը` Open Table կայքում ռեստորանների այցելուների արձագանքների հիման վրա: Ռեստորանը բացվել է 1990-ականներին, Բոզողլյանների ընտանիքը ռեստորանի սեփականատերն է և կառավարիչը:

Ավելի քան 20 տարի առաջ Կառլիտո և Ազնիվ Բոզողլյանները հիմնեցին ռեստորանը և շատ շուտով ճանաչում ստացան այցելուների շրջանում Բուենոս Այրեսից բերված իրենց բաղադրատոմսերի շնորհիվ, որտեղ նրանք բնակվում էին նախկինում:

Բոզողլյանների երեք որդիներից 2-ը Carlitos Gardel-ի անբաժան մասն են` Մաքսիմիլիանն աշխատում է ռեստորանում որպես սոմելիե և կառավարում է գինու մեծ մառանը, իսկ Ժիրայրը ռեստորանի գլխավոր կառավարիչն է: Ազնիվ Բոզողլյանը շարունակում է անձամբ պատրաստել աղանդերային ուտեստները: Ընտանեկան ավանդույթը զգացվում է ամբողջ ռեստորանում, հատկապես երբ գալիս է Կառլիտո Բոզողլյանը` զվարճացնելով հաճախորդներին իր հումորի սուր զգացումով: