ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) իր կայքում հրապարակել է 2015թ. երկրների վարկանիշն ըստ գնաճի:
Վարկանիշում ներկայացված է 226 երկիր, որոնք դասավորված են ըստ հաշվետու ժամանակաշրջանում գնաճի մեծացման: Վերջին՝ 226-րդ տեղում Վենեսուելան է, որտեղ գնաճն այնքան մեծ է, որ այն թվային արտահայտում նույնիսկ չի գտել: Նախավերջինն Ուկրաինան է` 49% գնաճով: Վատ են գործերը նաև հակամարտություններից դուրս չեկող Հարավային Սուդանում` 41,1%, Սիրիայում` 33,6%, Եմենում` 30%: Նրանց է մոտենում Արգենտինան 27,6% գնաճով:
Հայաստանը` 5,6% ցուցանիշով, 182-րդ հորիզոնականում է, մինչդեռ ըստ ՀՀ պաշտոնական տվյալների գնաճը 2015-ին կազմել է 3,7%: ԿՀՎ տվյալներով, Հայաստանը գնաճի տեմպերով 44-րդ երկիրն է 226-ից:
Ռուսաստանը 216-րդ հորիզոնականում է` 15,4% ցուցանիշով (գնաճն ըստ պաշտոնական տվյալների՝12,9%): Բելառուսը 214-րդն է` 15% (պաշտոնական 12% դիմաց), Ղազախստանը 177-րդը 5,3% (ըստ պաշտոնական տվյալների`13,6%),
Ամենաբարվոք վիճակը գնաճի հարցով Լիբանանում է, որտեղ գները նվազել են 3,5%-ով, նրան հաջորդում են Հյուսիսային Մարիանյան կղզիները (-2,5%), Աֆղանստանը (-1,9%), Հունաստանը (-1,4%) և Շվեյցարիան (-1,1%):
Միակ երկիրը, որտեղ չի արձանագրվել ոչ գնաճ, ոչ գնանկում, Շվեդիան է:
ՀՀ տնտեսական աճը 2015-ի ընթացքում կազմել է 3%՝ պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն: Ըստ ՀՀ ԱՎԾ նախնական տվյալների՝ ՀՆԱ-ի ծավալը 2015-ին կազմել է 50 մլրդ 47 մլն դրամ: 2014-ին ՀՆԱ-ի ծավալը կազմել է մոտ 48 մլրդ 431 մլն դրամ:
Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2015-ին նախատեսված էր 4,1% չափով, գնաճը` 4% (±1,5%): 2016-ի պետբյուջեում ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%: 2015-ին տնտեսական աճը հիմնականում ապահովել են գյուղատնտեսության և անտառտնտեսության, ձկնորսության 11,4% աճը, ինչպես նաև արդյունաբերության, այդ թվում, էներգետիկայի աճը 6,3%: