
ՌԴ մուտքի արգելք ունեցող 12.129 ՀՀ քաղաքացի արդեն դիմել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայությանը՝ մուտքի արգելքի որոշումը վերանայելու հարցով: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Ստացված դիմումներից արդեն 11.558-ը ուղարկվել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն և 4768 դիմումի հարցով՝ ստուգումների արդյունքում ԴՄԾ տարածքային մարմիններին մուտքը բացելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել, գրում է Tert.am-ը:
Ինչ վերաբերում է տվյալ խնդրի հետ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական անդամակցության ազդեցությանը այս հարցում, Եգանյանն ասել է. «ԵՏՄ անդամակցությունը չի ենթադրում, որ մարդիկ կարող են խախտել տվյալ երկրների միգրացիոն օրենսդրությունը և կրկին պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն միգրացիոն և վարչական օրենսդրության պահանջների պարտադիր կատարմանը»:
Միգրացիոն ծառայության պետը նշել է նաև, որ կիրառված խստությունները դրական ազդեցություն թողել են, որովհետև վերջին շրջանում անհամեմատ պակասել է նման խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը:
2015-ի մարտին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչների միջև խորհրդակցություների արդյունքում ՌԴ ԴՄԾ-ն համաձայնվել է վերանայել ՀՀ քաղաքացիների գործերը պարզեցված կարգով: ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը:
2015-ի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվել են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք: