5 փետրվարի 2007 - 16:25 AMT
Վարդան Օսկանյանը քննարկել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերին: Վ.Օսկանյանը գոհունակությամբ նշեց վերջին շրջանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` տարածաշրջանով հետաքրքրվածության աճը: Այնուհետեւ անդրադարձ եղավ մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին, ինչի կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ նախագահը վստահություն հայտնեց, որ ընտրությունները կհամապատասխանեն ամենաբարձր չափանիշներին:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ զեկույցին: Այդ կապակցությամբ Գ. Լենմարկերը մեծապես կարեւորեց վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչին կնպաստի ԵՄ հռչակած Նոր հարեւանություն քաղաքականության մեջ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ներգրավվումն ու համատեղ ծրագրերի իրականացնումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: