30 մարտի 2016 - 14:24 AMT
ՀՀ-ում ԳԴՀ դեսպան. ԵԱՀԿ ՄԽ-ն միակ ձևաչափն է ԼՂ հակամարտության կարգավորման համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կարևոր է երկու կողմերի պատրաստակամությունը։ Այդ մասին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության երեք ամիսներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի ավանդական նպատակը ցանկացած նախագահության ընթացքում տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը նպաստելն է։

Քիսլերն ասել է, որ նախորդ նախագահության ժամանակ հիմնական շեշտը դրվել էր ուկրաինական հակամարտության վրա, ու այն կշարունակի իր կարևոր հիմնական դերը, տեղը ունենալ նաև Գերմանիայի նախագահության ներքո։

Դեսպանի հավաստմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ կարևոր, հատուկ հետաքրքրվածություն է ներկայացնում իրենց համար: «Միանշանակ, մենք ասել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, երեք համանախագահները միակ ձևաչափն են ԼՂ հակամարտության կարգավորման, կողմերի բանակցությունների համար։

Նշել ենք, որ սահմանին առկա լարվածության մեղմացումը շարունակում է մնալ մեր հիմնական նպատակը։ Ցավոք սրտի, շփման գծի երկայնքով լարվածություն ստեղծող գործողությունները շարունակվում են։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՄԽ համանախագահներին՝ զինադադարի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու գործում։ Սա կարևոր է մեզ համար»,- նշել է Մաթիաս Քիսլերը։

Ըստ նրա՝ իրենք շարունակում են աշխատել դեսպան Անդրեյ Կասպրշիկի հետ, նշանակել են նոր դեսպան Հարավային Կովկասում, ով Հայաստան կայցելի հաջորդ ամիս։

«Երբ խոսքը ԼՂ մասին է, համոզված ենք, որ հակամարտող կողմերի պատրաստակամությունը կարևոր է նպատակներին հասնելու համար։ Սկզբունքները ՄԽ շուրջ համաձայնեցվել են, բայց որ ստատուս քվոն հաղթահարվի բոլոր կողմերից էլ քաղաքական կամք է պետք, որը պետք է վայելի նաև ժողովրդի աջակցությունը, երկու կողմերը պիտի հրաժարվեն սադրիչ հայտարարություններից, ոչ պակաս կարևորեն են ժողովուրդների միջև անմիջական շփումները»,- շեշտել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ կառույցին առհասարակ, դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության հիմնական հենասյուներից է և ապացուցել է իր արժեքը ուկրաինական ճգնաժամի ժամանակ։

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ էր արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ: Կասպրշիկի հորդորին միացավ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Սակայն, այդ կոչերին հաջորդեցին ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումները, իսկ զուգահեռաբար նրանք ապատեղեկատվություն էին տարածում շփման գծում իրավիճակի սրման մասին` հող նախապատրաստելով լայնածավալ սադրանքների համար: