
Հայաստանում գիտակցում են ԵԱՀԿ կարևոր դերակատարությունը՝ հատկապես մեր տարածաշրջանում սպառնացող վտանգների չեզոքացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։ Այս մասին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության երեք ամիսներին նվիրված քննարկման ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Նա նաև նշել է, որ իր գործունեության 20 և ավելի տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ունի միջազգային մանդատ՝ այդ հարցով զբաղվելու համար։
«ԵԱՀԿ-ն միշտ եղել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում լուծում գտնելու անփոխարինելի ձևաչափ: Սակայն, տարիների ընթացքում արձանագրված իրողություններն՝ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի ձախողման հաջորդական, նպատակային փորձերը, շփման գծում պարբերական խախտումները, դիպուկահարներին սահմանից հեռացնելուց հրաժարվելը թելադրում են նոր մոտեցումներ։ Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը ոչ միայն չեն նվազել, այլև՝ ակտիվացել են»,- ասել է Զաքարյանը՝ նշելով, որ ՀՀ-ի համար կարևոր է հասցեական մոտեցման արտահայտումը։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը պիտի լինի օրակարգային, որը ոչ միայն կարևոր միջոց կդառնա անվտանգության ձևավորման, լարվածության թուլացման համար, այլև՝ կնպաստի վստահության մթնոլորտի ձևավորմանը, գրում է Tert.am-ը:
Զաքարյանը նշել է, որ Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմատենչ մոտեցումները, ունի պետական սադրիչ քաղաքականություն, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը 2015-ի նոյեմբերին հայտարարարել էր, թե ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մոտեցումների մեջ փոփոխություններ մտցնի: