ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում հաստատել է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշել է, որ երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել է նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները:
Oրենսգրքի ընդունումից հետո, ըստ նրա, ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են լայնածավալ ներդրումներ: Այսինքն, 6 ամսվա կտրվածքով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, գրում է Panorama.am-ը:
ՊԵԿ փոխնախագահը նշել է նաև, որ արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև հումքի տեսակներ երրորդ երկներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմինների ներմուծման օրվանից հաշվված 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Ուշադրության կենտրոնում են նաև ՀՀ-ում վերամշակում և արտահանում իրականացնող տնտեսվարողները: Նրանք կազատվեն ԱԱՀ-ից:
Միրումյանն ասել է, այս դրույթը կառանձնացվի օրենսգրքից, և նախատեսվում է այն կիրառել ավելի վաղ, քան օրենսգիրքը կընդունվի:
Նրա խոսքերով՝ ԱԱՀ հարցում կառավարությունը նախատեսում է հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ սահմանափակվել է՝ տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով: Նման մոտեցումներ կլինեն նաև շահութահարկի գծով:
Նախատեսվում է նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնակատերերի համար հարկային բեռի նվազեցում,որպեսզի դա հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու համար այդ դրույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:
Նաև կարևորվելու է ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Այստեղ, ըստ Միրումյանի, հիմնական ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը:
Նախատեսվում է 2017-2021-իընթացքում սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
Ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Սակայն, Միրումյանի խոսքով, անգամ 2021-ին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին և ունենալու է ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:
«Բոլոր կարգավորումներն այն նպատակադրումն ունեն, որ նոր Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար պետք է ապահովի կայունություն ու կանխատեսելիություն»,- ասել է նա հավելելով, որ սրանով դիրքորոշում չեն հայտնում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո իրենք բացառում են որևէ փոփոխության կատարում օրենսգրքում, բայց հիմնաքարային մոտեցումներն ու համակարգի հիմնական բաղադրիչները երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ այս օրենսգիրքը շատ երկար քննարկում է անցել, բազմաթիվ հարթակներում է քննարկվել: «Լայնածավալ աշխատանք է իրականացվել, մեկ շաբաթվա ընթացքում կամփոփենք, բոլոր տեսակետներն իմի կբերվեն և օրենսգրքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: Մեծ առումով մենք ավարտել ենք այդ գործընթացը և իմ կարծիքով մեկ շաբաթ ժամանակը բավարար է, որպեսզի այդ հարցերը քննարկենք և ավարտենք»,- եզրափակել է վարչապետը:
Հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությունը` USAID-ն:
ԱՄՆ ՄԶԳ-ն 2014-ի մայիսի 7-ին ներկայացրել էր «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն անդրադարձել է Հայաստանում հարկերի մասին պատկերացումների բարելավման խնդրին` միաժամանակ կարևոր դեր հատկացնելով պետական-մասնավոր հատվածների միջև երկխոսության ամրապնդմանը և կամավոր օրինապահության մշակույթի արմատավորմանը, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսական աճի և ազգաբնակչության սոցիալական բարեկեցության համար:
Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնեսի մրցունակության բարելավմանը և հարկային բեռի նվազեցմանը: