2 ապրիլի 2016 - 11:18 AMT
ԱԳՆ խոսնակ. Բաքուն սրում է իրավիճակն Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային քննադատության ֆոնին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի աննախադեպ սրմանը:

«Հավանաբար, Բաքուն սաստկացնում է լարվածությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային հանրության քննադատության ֆոնին` ապակառուցողական դիրքորոշում որդեգրելով Ղարաբաղի հարցում»,-գրել է Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից բացի, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև. ՊՆ. Ադրբեջանական ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից արևելք