2 ապրիլի 2016 - 11:33 AMT
ԱԺ փոխնախագահ. Ադրբեջանի գործունեությունն ահաբեկչություն է ԼՂՀ ժողովրդի և ՄԽ համանախագահ երկրների հանդեպ

Ադրբեջանի այս հանցագործ գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ահաբեկչություն է Արցախի ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ներկայումս սահմանին տիրող իրավիճակին, գրում է Tert.am-ը:

«Սա ահաբեկչություն է և Ղարաբաղի ժողովրդի, և բանակցային գործընթացի, և Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Ալիևի նման լկտի պահվածքը արդյունք է նաև միջազգային հանրության երբեմն, մերթընդմերթ հնչող անհասցե գնահատականներին»,- ասել է նա և նշել, թե Մինսկի խումբը չի կարող այս ամենին չարձագանքել:

Միաժամանակ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը «Գրադ» է կիրառում. Սպանվել է 12-ամյա երեխա, ևս 2 երեխա վիրավորվել է

ՀՀ ՊՆ. Ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի որոշումը կարող է հանգեցնել այդ կողմի համար անկանխատեսելի հետևանքների

Շփման գծում մարտեր են, ՊԲ հակաօդայիններն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել