2 ապրիլի 2016 - 14:59 AMT
Լավրովը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ազդել Ղարաբաղում իրավիճակի վրա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և կոչ է արել նրանց ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա և դադարեցնել բռնությունը:

«Շարունակելով ՌԴ նախագահի արձագանքը Լեռնային Ղարաբաղում հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների վերսկսմանը, ինչպես նաև ռուսական կողմի ձեռնարկվող քայլերն, ուղղված իրավիճակի կարգավորմանը, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ շփումները` Սերգեյ Լավրովը բանակցել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ և կոչ է արել ազդել իրավիճակի վրա` դադարեցնելու համար բռնությունը»,-նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:

Հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարությունը: «Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից:

Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: