Իսրայելի Քնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն: Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խումբն ընդունել է Իսրայելի Քնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները խոսել են երկու ժողովուրդներին կապող պատմական ընդհանրություններից, ներկայում ունեցող միանման խնդիրներից, սեփական երկրի սահմանների պաշտպանության և անվտանգության թեմաներից: ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներ են խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը և Նաիրա Կարապետյանը:
Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարևորել է Իսրայելի խորհրդարանականների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հանձնաժողովի նախագահը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, նշել է, որ Հայաստանը ձգտում է բոլոր տիպի խնդիրները լուծել խաղաղ և քաղաքական ճանապարհով: Արտակ Զաքարյանը նշել է, որ ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը հարձակվել է ղարաբաղյան դիրքերի վրա: Ընդգծվել է, որ մինչ այդ հրետակոծվում էին նաև Հայաստանի սահմանները, սակայն վերջին օրերի զարգացումն ուղղված է եղել միայն Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նպատակ ունենալով գնդակոծել ԼՂՀ խաղաղ բնակչությանն ու պաշտպանական ստորաբաժանումներին: Ըստ պարոն Զաքարյանի՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ծավալել՝ խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու բանակցային սկզբունքները:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ հիմնախնդիրը տանել ռազմական լուծման ճանապարհով: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը կիրառել է լայն զինանոց: «Հայաստանը ևս տարբեր երկրներից ձեռք է բերում զենք ու զինամթերք, սակայն դրանք ուղղված են խաղաղության պահպանմանը և տարածաշրջանային կայունությանը»,-ասել է պարոն Զաքարյանը: Նշվել է, որ Հայաստանը, փաստացի, ԼՂ-ի հետ միասին հանդիսանում է տարածաշրջանի կայունության միակ երաշխավորը: Խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, ըստ Արտակ Զաքարյանի, ԼՂ-ի և ՀՀ-ի հետ երկխոսությունն է՝ ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձևաչափում:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններից՝ Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Քնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն: Քնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է:
Հյուրերը ևս ընդգծել են Իսրայելի Քնեսետի և ՀՀ Ազգային ժողովի հետ հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք ոլորտներում՝ տնտեսական, մշակութային, զբոսաշրջության:
Հայ խորհրդարանականները ևս կարևորել են խորհրդարանական կապերի զարգացումը, խոսել են տարածաշրջանային խնդիրներից, անդրադարձ կատարել Իսրայելում հայկական համայնքի և Հայաստանում հրեական համայնքի կարևոր դերակատարմանը բարեկամական հարաբերություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:
Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: