8 փետրվարի 2007 - 16:28 AMT
Որոշակի տեղաշարժեր են նկատվում ԱՄՆ հրեական լոբբի դիրքորոշման մեջ` Հայոց ցեղասպանության հարցով
Ամեն տարի թուրքական պաշտոնական անձանց պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ` նախագահի ապրիլի 24-ի ելույթում «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործումը կանխելու համար: Ինչպես Երեւանում լրագրողներին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, հանդիպումների ընթացքում թուրքական պատվիրակությունը օգտագործում է հրեական լոբբիի հսկայական ազդեցությունը, որը ամեն կերպ աջակցում է Թուրքիային: «Հայկական եւ հրեական լոբբիների միջեւ գրեթե հարաբերություններ չկան, նրանք շատ հազվադեպ են հանդիպում ինչ-որ ընդհանուր հարցերի համար: Սակայն այդ միջավայրում եւս վերջերս տեղաշարժեր են նկատվում: Որոշակի ազդեցիկ հրեական լոբբիստներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին, մեջբերել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, արխիվային փաստաթղթեր: Ավելին, Թուրքիան արդեն մոտավորապես հաշվարկել եւ հասկացել է, որ 106-րդ հոդվածը կարող է ընդունվել եւ կրկնապատկել է իր ջանքերն այդ ուղղությամբ»,- նշել է Վարդանյանը: