7 ապրիլի 2016 - 10:20 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կրակել է ականանետերից և դիվերսիոն 2 փորձ ձեռնարկել

Ապրիլի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: