8 ապրիլի 2016 - 12:57 AMT
ՀՀԿ խմբակցության ղեկավար. Երբեք չենք խնդրել ԼՀՂ-ում խաղաղապահներ տեղակայել, բայց եթե պնդեն՝ դեմ չենք

ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե հայկական կողմը որևէ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, սակայն ըստ նրա՝ նաև դեմ չեն եղել դրան:

«Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որևէ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքե՞ր են պնդում, ո՞ր կողմը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, Բաղդասարյանը նշել է, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, նման քննարկումներ և առաջարկություններ կան:

«Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել: ՀԱՊԿ-ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարությունները հեղինակազրկում են այդ կառույցը: Մեր հույսը պետք է դնեք մեզ վրա։ Հորդորել և հորդում եք, որ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ է այդ կառույցն ու նրա հեղինակությունը»,- ասել է նա:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին ասել է, որ քանի դեռ կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա:

Նա նշել է, թե այս հարցը կարող է մտնել որոշ երկրների քաղաքական շահերի մեջ: «Չեմ բացառում, որ նման ծրագիր քննարկվի»:

Հարցին, թե ինչու պետք է հայկական բանակը 80-ականների զենքերով է կռվի, Ռուստամյանը պատասխանել է. «Իհարկե, տեխնիկայի համեմատությունն ի օգուտ մեզ չի եղել,բայց կան միջոցներ, որոնք ուղղակի արգելված են, և մեզ պետք էլ չէր, որ ձեռք բերեինք, բայց նկատի ենք ունենում, ինչ հակառակորդ ունենք: Այդ մարտավարություն էլ պետք է քննարկել: Պետք է սպառիչ վերլուծություն անել»:

Խաղաղապահների տեղակայումը ենթադրվում է Մադրիդյան սկզբունքներով: 2015 թվականին «Վեդոմոստի» պարվերականի հետ զրույցում ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը հայտնել էր, որ կարգավորման տարրերից պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, շեշտելով, որ «Եթե և երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Նա նաև նշել էր, որ խոսքը գնում է բացառապես համապարփակ կարգավորման մասին. «Չի կարելի վերցնել միայն մեկ ասպեկտն ու պնդել, որ դա է կարգավորման հիմքը։ Խաղաղ կարգավորումը պետք է դիտարկել իր ամբողջ ծավալով»,- ասել էր նա:

ՀՀ նախագահը՝ Deutsche Welle-ին. Երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը