8 ապրիլի 2016 - 15:23 AMT
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին:

«Ամեն ինչ ըստ պայմանագրերի է: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,-ասել է Ռոգոզինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2015-ի սկզբին հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Ադրբեջան է առաքում Տ-90 Ս տանկեր: Ավելի վաղ «Ոոսօբորոնէքսպորտը» հայտարարել էր, որ 2017-ին ՌԴ-ն կավարտի զենքի և ռազմատեխնիկայի խոշոր խմբաքանակի առաքումը Բաքվին: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն, այդ թվում, վերոնշյալ տիպի տանկերի 3 գումարտակի և մոտ 100 հետևակի զրահապատ մեքենայի, ինչպես նաև ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ծանր հրանետ համակարգերի մասին է: Փաթեթի արժեքը հասնում է 1 մլրդ դոլարի:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան զենքի առաքումներում հաշվի է առնում բոլոր ռիսկերը տարածաշրջանում: «Սպառազինության ցանկացած առաքում Հայաստանին, ինչպես նաև բարեկամ Ադրբեջանին, իրականացվում է մանրակրկիտ կերպով հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-ասել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով