12 փետրվարի 2007 - 19:29 AMT
ԵՄ-ն կարող է իր կարեւոր ներդրումն ունենալ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում
Եվրոպական միությունը, Ռուսաստանը եւ շահագրգիռ այլ կողմերը միասին պետք է աջակցեն անհրաժեշտ պայմանների ստեղծմանը «սառեցված հակամարտությունների» խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի պահանջը Եվրամիությունից` դադարեցնել միջամտությունը նախկին Խորհրդային Միության տարածքում «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը եւ հրաժարվել այդ գոտում ԵՄ ազդեցության ոլորտի ընդլայնումից: Նա նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում եւ կարող է իր կարեւոր ներդրումն ունենալ այդ գործում: «Դա ներդրում է, որ կարող է լինել նոր բաղկացուցիչ մասերի ձեւով, այդ թվում ֆինանսական եւ այլ»,-ընդգծել է Պ.Սեմնեբին:

Պ.Սեմնեբին նշել է, որ երկրներն իրենք են շահագրգռված Եվրամիության հետ համագործակցության հարցում եւ հակամարտությունների կարգավորման հիմնական պատասխանատվությունը կրում են հակամարտության կողմերը: Անդրադառնալով հետխորհրդային տարածքում Եվրամիության ազդեցության ոլորտի ընդլայնմանը, նա նշել է, որ խոսքը կայուն հարեւանության փոխադարձ շահի մասին է եւ դա բխում է ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի շահերից, հաղորդում է «Թրենդը»: