Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների աճունների հայտնաբերման և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:
Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին՝ ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ տեղի ունեցած զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացման համար, որի արդյունքում ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել 18 զինծառայողների աճյուն:
Տոնոյանը ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 մարմինը ենթարկվել են դիակապտության և անարգանքի, ինչը հանդիսանում է ոչ միայն 1949-ի Ժնևյան բոլոր չորս կոնվենցիայի 3-րդ ընդհանուր հոդվածի (Common Article 3) առաջին կետի երկրորդ պարբերության (a) ենթակետի, 1949-ի Ժնևյան 4-րդ կոնվենցիայի 130-րդ հոդվածի 1-ին պարբերության, ինչպես նաև 1949-ի Լրացուցիչ երկրորդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանող դրույթների կոպտագույն խախտում, այլ նաև ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն:
Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ենթարկվեն միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է, որ համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի:
ՊՆ. Բաքվին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը կբարձրացվի միջազգային ատյաններում