
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Հանդիպմանը քննարկվել է պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն և անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը:
Երկրի ղեկավարը արժևորել է Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ` նշելով նրա պատմական լինելը հոգևոր, քաղաքական և մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից: Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգևորական դասի մի խումբ ներկայացուցիչներ:
Ապրիլի 12-ին Գարեգին Երկրորդի և Արամ Առաջինի հետ հանդիպում ունեցավ ՀՀ նախագահը: Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: