15 ապրիլի 2016 - 21:10 AMT
ԱՄՆ-ում բնակվող հայուհին սպառնալիքներ է ստացել հայկական դրոշ կախելու պատճառով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով:

Ինչպես հաղորդում է ABC-ն, Չաթալյանը ստացել է նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում:

Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել ու առգրավել են նամակը՝ մատնահետքեր վերցնելու համար:

Չաթալյանների հարևանները հայտնել են, որ մեկ տարի առաջ նրանց մեքենայի վրա ձվեր են նետել, երբ ընտանիքը հայկական դրոշ է կախել նրա վրա:

Ընտանիքը, սակայն, վախեցած չէ. Չաթալյանը ոչ միայն չի հեռացրել դրոշն, այլև կախել է երկրորդը: Նա հորդորել է տարածքում բնակվող բոլոր հայերին նույն կերպ վարվել: