15 փետրվարի 2007 - 14:45 AMT
Մեհմետ Ալի Բիրանդ. Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը խայտառակություն կլինի Թուրքիայի համար
«ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության մասին օրինագծի ճանաչումը խայտառակություն կլինի Թուրքիայի համար եւ դա կանի աշխարհում միակ գերտերությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր թոռներին տառապանքներից եւ ամոթից»,-գրում է թուրք տեսաբան Մեհմետ Ալի Բիրանդը Turkish Daily News-ում: Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ Թուրքիայում կգերիշխի ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հարցը: Հոդվածում թվարկվում են ԱՄՆ բոլոր «շահերը» Թուրքիայի հետ համագործակցությունից, ներառյալ երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի մարտական գործողություններին Աֆղանստանում, խաղաղապահ ուժերը Իրաքում, Թուրքիայի գործուն դերը Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունում, նավթի տեղափոխումը Եվրոպա: «Գյուլն ու Բույուքանիթը ներկայացրել են այդ ցուցակը ԱՄՆ վարչակազմին եւ հարցրել, թե իրոք կարելի՞ է ռիսկի ենթարկել երկկողմ հարաբերությունները մի քանի հազար հայերի պատճառով»: Իրոք որ շատ դժվար ընտրություն է»,-գտնում է Բիրանդը: Հեղինակը կարծում է, որ հրեական լոբբին պետք է իր ազդեցությունն ունենա, քանի որ Թուրքիան միշտ աջակցել է Իսրայելին: Անանուն թուրք պաշտոնյաի խոսքերով, «մենք չենք կարող համաձայնվել մեր հրեա բարեկամների հետ, հեռվից հետեւելով իրադարձությունների զարգացմանը: Նրանք պետք է գործի դնեն իրենց ազդեցությունը: Եթե հրեական լոբբին դեմ դուրս չգա Ցեղասպանության մասին օրինագծին, այն կզրկվի մեր աջակցությունից»:
Մեհմետ Ալի Բիրանդը հարց է տալիս` ի՞նչ է սպասում Թուրքիային, եթե Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: «Մեզնից փոխհատուցո՞ւմ կպահանջեն, տարածքնե՞ր թե պատերազմ կսկսեն: Մենք պետք է իմանանք, թե ինչ է մեզ սպասում ճանապարհի վերջում: Թող ԱՄՆ Կոնգրեսն իր գործն անի: Բանաձեւի ընդունումը դեռ աշխարհի վերջը չէ եւ ամերիկա-թուրքական հարաբերությունները կհաղթահարեն բոլոր հանգամանքները»,-գտնում է թուրք տեսաբանը: