20 ապրիլի 2016 - 10:26 AMT
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման 9 միջադեպ է գրանցվել

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից եւ 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: