20 ապրիլի 2016 - 16:55 AMT
Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել հայ զինվորի մարմինը

Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել հայ զոհված զինծառայողի մարմինը:

Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը, գրում է Tert.am-ը:

Զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն:

Քոչարյանն ասել է նաև, թե այս պահի դրությամբ հայկական կողմն ուներ մեկ անհետ կորած։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: