21 ապրիլի 2016 - 10:19 AMT
Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում Արցախում զինծառայող է զոհվել

Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի: Ապրիլի 21-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը եղել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: