16 փետրվարի 2007 - 16:27 AMT
ԱՄՆ-ի տեսանկյունից, Կովկասը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ փուլը
«ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար Հարավային Կովկասն իրենից շահ է ներկայացնում առաջին հերթին ոչ որպես էներգակիրների մատակարար, այլ որպես տարանցիկ շրջան, որը թույլ է տալիս համաշխարհային շուկաներում ածխաջրածին ապահովել Կենտրոնական Ասիայից` շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը»,- գրում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի քաղաքական տեսաբան Ալեքսանդր Կրիլովը: «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից կառուցվող նոր էներգետիկ միջանցքների հաջող գործնեությունը անհնարին է առանց մի շարք հիմնական խնդիրների կարգավորման: Դրանցից առաջինը ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանումն է եւ հակազդումը հակամարտությունների գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկման փորձերին, որ հիմա «սառեցված» վիճակում են: Բացի այդ, Արեւմուտքի համար կարեւոր է թույլ չտալ տարանցիկ երկրներ հանդիսացող Ադրբեջանի եւ Վրաստանի ապակայունացումը:
Հակամարտությունների ռազմական փուլի ավարտից հետո 1990-ականների սկզբում նրանք անցան «սառեցվածության» փուլի, սկսվեց բանակցությունների գործընթացը` ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո: Դեպքերից ոչ մեկում բանակցությունները չեն բերել հակամրտող կողմերի դիրքերի որոշակի նկատելի մերձեցման: Ավելին, վերջին տարիներին զգացվում է չճանաչված պետությունների հարցի լարվածություն: ՌԴ-ի ռազմական եւ տնտեսական ներկայության կրճատումը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ ներխուժումը Կովկասյան շրջան կարող են բերել տարբեր քաղաքական ուժերի հավասարակշռության խախտման` Ռուսաստանի համար անհաջող համատեքստում:
Կովկասի վերակառուցման ծրագրերից Վաշինգթոնը չի հրաժարվել: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ով նրա դաշնակիցների գլխավոր խնդիրը շարունակում է մնալ երեք անդրկովկասյան պետությունների ինտեգրումը եվրաատլանտյան հասարակություն եւ Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից: Իսկ Հարավային Կովկասի պետությունների անդամակցությունը ԵՄ-ին չի քննարկվում նույնիսկ տեսականորեն. եվրաատլանտյան ինտեգրման գլխավոր դաշինքը պետք է դառնա ՆԱՏՕ-ն: Կովկասը, Վաշինգթոնի տեսակետից, պետք է դառնա ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ փուլը, եւ լավագույն տարբերակ է հանդիսանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միաժամանակյան անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Ներկայիս վաշինգթոնյան վարչակազմը Ռուսաստանին շատ համեստ դեր է հատկացնում Կովկասի առաջիկա վերակառուցման մեջ: Ռուսաստանի դերի սահմանափակման եւ Կովկասից նրա հետագա դուրս մղման համար ԱՄՆ-ն մեծ մասամբ օգտագործում են տեղական դաշնակիցներին, որոնք քաղաքական եւ ֆինանսական աջակցություն են ստանում:
Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ իրական ռազմավարական դաշնակիցն է շարունակում մնալ Հայաստանը, որն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է տարբեր ռազմա-քաղաքական դաշինքների միջեւ հավասարակշռություն ապահովելու սկզբունքով: Իրականում Երեւանը ռուսաստանամետ քաղաքականություն է վարում, քանի որ դա առավել շատ է պատասխանում Հայաստանի շահերին ժամանակակից փուլում»,- գրում է Ալեքսանդր Կրիլովը, հաղորդում է «Նովիյ րեգիոնը»: