Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն 2016-ի գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում է ընդունել, որով թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:
Մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրվել է վերոնշյալ ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու:
Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:
Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 80 հազ. հա հողատարածություններին, որից 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ ամեն տարի այն իրականացվում է. աջակցություն են ստանում մեր գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները:
2015-ին Կառավարությունը նույնպես որոշել էր մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչն աջակցություն էր հողօգտագործողներին:Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել էր հետևել միջոցառման արդյունավետությանը: