22 ապրիլի 2016 - 11:13 AMT
ՌԴ ԱԳՆ. Հնարավոր զինադադարի հիմքում ԼՂ վերաբերյալ 1994-ի և 1995-ի համաձայնագրերն են

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր զինադադարի հիմքում նախկինի պես Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 1994 և 1995 թթ. համաձայնագրերն են: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հրադադարի մասին 1994թ. համաձայնագիրը, ինչպես նաև 1995թ. Հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնագիրն անժամկետ են և շարունակում են մնալ հակամարտության գոտում հրադադարի հիմքում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, որը շարադրվել է ԵԱՀԿ-ում ՌԴ Մշտական ներկայացուցչության նոտայում, որն ապրիլի 12-ին հղվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, վերականգնեն բանակցային գործընթացը:

«Այժմ պահանջվում է զսպվածություն ցուցաբերել, տանել գործը դեպի կայունության վերականգնում: Վատսհ ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման հասնելուն»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Զախարովայի, կողմերը պետք է ակտիվացնեն աշխատանքն, ուղղված ռազմական ռիսկերի նվազեցմանը: Նա հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել կողմերին որպես միջնորդ: Զախարովան հայտարարել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ որոշակի մշակումներ կներկայացնի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: «Մենք մտահոգված ենք իրավիճակի սրմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում: Կոչ ենք անում կողմերին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական բախումների անհապաղ դադարեցման մասին, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտում և, անշուշտ, շահագրգռված են, որ քաղաքական հարթությունում դրական քայլեր լինեն այդ բարդ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-ասել էր նա:

Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել եբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։