Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատունը դիմել է շվեդական TV4 հեռուստաալիքին` խնդրելով հանել եթերից Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը, կոչ անելով հեռուստաալիքին «վերանայել» որոշումը, քանի որ ֆիլմը «չի համապատասխանում անաչառության սկզբունքին»:
«Seyfo 1915 ` Ասորիների ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունից առաջ TV4-ը հայտնեց թուրքական դեսպանատան մամուլի ծառայության աշխատակից Արիֆ Գյուլենից ստացած նամակի մասին, որտեղ նա դեմ էր արտահայտվում ֆիլմում «ցեղասպանության» եզրույթին, որն օգտագործվում է 1,5 մլն հայերի սպանությունը թուրքերի կողմից նկարագրելու համար:
Նամակում, որը հետագայում հրապարակվեց TV4-ի պաշտոնական կայքում, հեռուստաալիքին խնդրում են «վերանայել ֆիլմի ցուցադրության վերաբերյալ որոշումը` հավասարակշռված մոտեցում ցուցաբերելով», ինչպես նաև զգուշացնում են, որ «միայն իրավասու միջազգային տրիբունալը կարող է որոշել արդյոք կոնկրետ իրադարձությունը ցեղասպանություն է», հայտնում է RT-ն:
Այդ նամակը կտրուկ արձագանքի արժանացավ հեռուստաալիքի կողմից, որը դատապարտեց ալիքի վրա ճնշում գործադրելու թուրք դիվանագետի փորձը և խոստացավ, որ ֆիլմը ցուցադրվելու է:
«Մենք երբեք չենք կարողանա դա ընդունել: Մենք կբողոքենք մեր հանդեպ ցանկացած ճնշում գործադրելու փորձի դեմ», ասել է ծրագրի տնօրեն Վիվեկա Հանսոնը ընկերության կայքում տեղադրված գրավոր հայտարարության մեջ:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր և Ձախերի կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդը կոչ է արել Շվեդիայի կառավարությանը հակահարված տալ ԶԼՄ-ների վրա Թուրքիայի հարձակումներին:
«Անթույլատրելի է, որ Թուրքիան փորձի լռեցնել Շվեդիայի ԶԼՄ-ները: Կառավարությունը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի նման գործողությունների հարցում»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ Ստոկհոլմը պետք է հետ կանչի Թուրքիայում իր դեսպանին, «հասկացնելու համար, որ այն, ինչ թույլատրելի է ԶԼՄ-ների հարցում Թուրքիայում, անթույլատրելի է Շվեդիայում»:
Ապրիլի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը Բարբարոս Լեյլանին հայտարարել է. «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ»: Ավելի ուշ ընկերակցության կայքում նա ներողություն է խնդրել` ասելով, թե իրեն սխալ են հասկացել: Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ շվեդական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ոստիկանություն:
Ավելի ուշ շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվեց՝ հայերի հասցեին արած վիրավորական արտահայտության համար: