20 փետրվարի 2007 - 14:04 AMT
Բուդապեշտում սպանված Գուրգեն Մարգարյանի անունով ծառուղի եւ թանգարան կբացվի Երեւանում
Երեւանի Աջափնյակ համայնքում կբացվի Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունը կրող թանգարան եւ ծառուղի: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետարան են ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, իսկ ներկայումս նախագիծը քննարկման փուլում է: Ըստ նախագծի, ծառուղում կկանգնեցվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, իսկ յուրաքանչյուր ծառ այստեղ կկրի Երեւանի Աջափնյակ համայնքում բնակվող եւ Ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկի անունով: «Նրանք բոլորն ընկան թշնամու դեմ պայքարում, մենք չենք կարող նրանց առանձնացնել: Համոզված եմ, որ մենք խնդիրներ չենք ունենա, քանի որ մեր նախաձեռնությունն արդար է»,-հայտարարել է «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ Վահագն Ասատրյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: