21 փետրվարի 2007 - 13:02 AMT
Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ն ջանում է վստահության կապեր հաստատել Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ
Ժամանակն է կապեր հաստատել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ եւ տվյալ պահին Եվրամիությունը ջանում է վստահության կապեր հաստատել Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, այդ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի կառավարության հետ Բաքու նրա կատարելիք այցի ժամանակ: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին այն մասին, որ նախաձեռնություններն այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում խոչընդոտում են բանակցությունների ընթացքին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ` Պ.Սեմնեբին նշել է, որ չի գտնում, թե ԵՄ գործունեությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի դեմ: «Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը»,-ասել է նա:

Հատուկ ներկայացուցիչն ասել է նաեւ, որ անցած շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եղել են պահեր, որոնք լավատեսություն են հաղորդել, սակայն ի վերջո անարդյունք են եղել: Ըստ Պ.Սեմնեբիի, դրանց թվում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մինսկում եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Մոսկվայում: «Այդ բանակցություններից հետո առաջընթաց չի եղել, սակայն ես հուսով եմ, որ կգա պահը, երբ այդ հարցը կգտնի իր լուծումը եւ Եվրամիությունն իր ներդրումը կունենա»,-ասել է նա: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորումից հետո ԵՄ-ն շատ բան ունի անելու տարածաշրջանում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի դիրքորոշմանը հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը շատ կարեւոր դեր ունի Հարավային Կովկասում եւ համանախագահներից մեկն է, եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունները կհամընկնեն նրա հայտարարությունների եւ նպատակների հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: