21 փետրվարի 2007 - 14:21 AMT
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման դեպքում պետք է հաշվի առնել կողմերի ցանկությունները
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման դեպքում անհրաժեշտ է «հաշվի առնել կողմերի ցանկությունները, որքանով են նրանք ցանկանում, որպեսզի խաղաղապահները գտնվեն այնտեղ»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ջոնաթան Հենիքը: «Մի կողմից, դա շատ դրական գործոն է, որ, չնայած խաղաղապահ ուժերի բացակայությանը, կողմերի միջեւ բաց ռազմական գործողություններ տեղի չեն ունենում: Սակայն, այլ կողմից, մարդիկ շարունակում են մահանալ ականների պատճառով: Խաղաղապահների բացակայությունը եւս իր մեջ վտանգ ունի այն տեսանկյունից, որ լայնածավալ գործողություններ սկսելու դեպքում շատ բարդ կլինի կանգնեցնել այդ գործընթացը»,- ընդգծել է նա:
Պատասխանելով Ղարաբաղին կից տարածքների հրդեհների վերաբերյալ հարցին` ամերիկյան դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը դրական է անվանել այն պահը, որ «ԵԱՀԿ մասնակցությամբ երկու կողմերն էլ համաձայնվել են, որպեսզի փորձագետները այցելեն այդ տարածաշրջաններն ու իրենց փորձագիտական գնահատականը տան կատարվածին»: «Ես գտնում եմ, որ դա կարող էր մոդել հանդիսանալ, օրինակ այլ հարցերի կարգավորման համար եւս»,- նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: