29 ապրիլի 2016 - 13:40 AMT
ԼՂՀ օմբուդսմենը հրաժարական է տվել

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:

«Հրաժարականը Հայրապետյանի կողմից պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015-ի տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ ԼՂՀ-ում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը», - ասված է հաղորդագրության մեջ:

2016-ի հունվարին հրաժարական է տվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՀՀ նոր օմբուդսմեն էր նշանակվել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Յուրի Հայրապետյանը զբաղեցնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը 2008-ից, 2009-ից նա Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ է։ ԼՂՀ-ում օմբուդսմենի գրասենյակը գործում է 2008-ից: