22 փետրվարի 2007 - 15:13 AMT
Ղարաբաղյան կողմի բացակայությունը բանակցային գործընթացում աբսուրդ է
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության հաստատման մասին արտացոլում է հենց այն, ինչի մասին արդեն երկար տարիներ ասում է հայկական կողմը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմի բացակայությունը բանակցային գործընթացում աբսուրդ է: «Բանակցային գործընթացը չի կարող փոխարինել եռակողմ բանակցությունները: Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, Հայաստանը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ներկայանում է ԼՂՀ անունից, այլ ոչ թե որպես հակամարտության կողմ, միայն այն պատճառով, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ համաշխարհային հանրության կողմից: ՀՀ-ն չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղը կարգավիճակի, անվտանգության, տեղահանված մարդկանց վերադարձի հարցերում` դա ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի լիազորությունն է: Եվ, վերջապես, հենց Հայաստանն է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը եւ չի կարող կողմնակի դիտորդի դերում մնալ»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը: