2 մայիսի 2016 - 15:17 AMT
Հայ և վրացի երիտասարդների վեճի և ոստիկանության գործողությունների հետքերով. ՀՀ դեսպանը կայցելի Ջավախք

Վրաստանում ՀՀ դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցխայում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությանն, ինչպես նաև դրան հաջորդած տեղական ոստիկանության գործողություններին, ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Դեսպանությունն արդեն իսկ կապ է հաստատել համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն իրենց ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց գյուղացիների կողմից կառուցված և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր հանդիպել են բազմաթիվ մարդկանց, որոնք խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Նրանք հարևան Վալե քաղաքից էին և, չհասկանալով հայ երիտասարդների ուզածը, կռվի են բռնվել նրանց հետ, սակայն ժամանակ անց հասկացել միմյանց: Իսկ արդեն կես գիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանություն է տարել բազմաթիվ երիտասարդների:

Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:

Ավելի վաղ, տուժածներից մեկը, որը չի ցանկացալե հրապարակել իր անունը, Akhaltskha.net-ին ասել է, որ իրեն տնից տարել են ոստիկանություն, ծեծի են ենթարկել, իսկ հետո ստիպպել, որ ասի, թե իրեն չեն ծեծել` նկարահանելով այդ հայտարարությունը հեռախոսով: «Նման մեթոդներով ապրիլի 23-ից 24- վարվել են ևս 4 հոգու հետ, որոնց մեջ եղել է նաև իմ եղբայրը, ով դիմում է գրել իրեն ծեծող ոստիկանների դեմ»,- ասել է նաէ:

Հաջորդ տուժածը պատմել է, որ իրեն ծեծի ենթարկողները մի քանի ոստիկաններ էին ոստիկանական համազգեստով: «Ինձ հարցրին թե ինչու էինք ուզում կրակ վառել և ես բացատրեցի, որ ամեն տարի ապրիլի 23-ին ավանդույթի համաձայն կրակ ենք վառում հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոստիկաններից մեկն անվայել խոսքեր ասաց Ցեղասպանության հասցեին: Հիմա մենք պահանջում ենք, որ նրանք պատժվեն օրենքի համաձայն»,- ասել է Աբաթխև գյուղի բնակիչը:

Ախալցխայի հայ ազգաբնակչությանն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և իշխանությունների արձագանքին: