7 մայիսի 2016 - 10:26 AMT
Արցախի դրոշը կծածանվի Ստոկհոլմում. «Եվրատեսիլի» դրոշների քաղաքականությունը փոխվել է

Եվրոպական հեռարձակողների միությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակել, որի համաձայն` փոփոխության է ենթարկվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը, հայտնում է Tert.am-ը:

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը: Նա հանդես է գալու «LoveWave» երգով: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչում` 7-րդ համարի ներքո:

Հայտարարության մեջ նշվում է, որ մրցույթի կազմակերպիչները մասնակից մի շարք պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո համաձայնել են մեղմացնել տարածաշրջանային, տեղական և ազգային դրոշների քաղաքականության նկատմամբ խստությունը:

Եվրոպական հեռարձակողների միությունն առաջարկել է նաև հանդուրժողականություն ցուցաբերել այլ դրոշների նկատմամբ, քանի որ հանդիսատեսը հարգում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ոչ քաղաքական բնույթը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա դրոշների քաղաքականության համաձայն Արցախի դրոշը արգելված դրոշների ցանկում էր: Ավելի ուշ Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել էր, որ հրապարակվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:

Եվրատեսիլ 2016-ին կմասնակցեն 43 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթի կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։