10 մայիսի 2016 - 10:32 AMT
ԼՂՀ ՊՆ ղեկավար. Հայկական կողմի օբյեկտներն ավելի պաշտպանված կլինեն հակառակորդի ԱԹՍ-ներից

Ընդհանուր իրավիճակը շփման գծում վերահսկվում է, զորքերի մարտական պատրաստականության վիճակը համապատասխան մակարդակի վրա է, սահմանները ամուր են և հուսալի: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, որը մասնակցում էր մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով հակառակորդի զորքերի կուտակուներին` նա ասել է. «Պարզ է, որ կկուտակեն, մենք էլ կցրենք»: Նա նշել է նաև, որ լարվածությունն առաջիկա օրերին դժվար թե աճի և որ նվազման միտում կա: Նախարարը հավելել է նաև, որ ադրբեջանցիները աշտպանվում են, «կազմակերպում են պաշտպանություն, վախի մթնոլորտ է իրենց մոտ»: «Կարող եմ ասեմ, որ մեր զորքերը գտնվում են համապատասխան աստիճանի, որ պետք լինի՝ պատասխան տալու»,-ասել է նա: Սպառազինության հարցում առկա թերահավատության մասին հարցին ի պատասխան՝ Մնացականյանը շեշտել է. «Զինվորի ոգին որ գտնվում է տեղում, դա, էդ հավատը ներշնչվում է նաև զենքի առումով, եթե զենքը ձեր ասածը լինի, զինվորը թերահավատ կլինի, որը որ չկա: Զենքը տեղում է, զինվորի ոգին տեղում է, այսինքն՝ ամեն ինչ նորմալ է»:

«Հայկական զինուժն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խոցել է հիմնականում հրազենային զենքերով, գնդացիրներով: Եվս մի քանի ԱԹՍ հայկական զինուժը խոցել է հակաօդային պաշտպանության միջոցներով»,-ասել է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ, հայտնում է razm.infօ-ն:

Խոսելով ՊԲ խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակի մասին՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը նշել է, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են առնվազն 14 սարք: ՊԲ հրամանատարի խոսքով՝ հակառակորդի ևս մի քանի ԱԹՍ հնարավոր է խոցված լինեն, սակայն դրանց մասին տեղեկությունները հաստատված չեն, ինչի պատճառով էլ ՊԲ-ն դրանց մասին չի հայտարարել:

Մնացականյանը նշել է նաև, որ բանակում իրենք ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր մեթոդներ են փորձարկում: «Երեկ չէ առաջին օրը մենք փորձարկումը կատարել ենք, և փորձարկման արդյունքները հույս են ներշնչում, որ հաջորդ անգամ այդ 14-ը լինելու է 28 կամ լինելու է էլ ավելի»,-նշել է ՊԲ հրամանատարը:

Նոր մեթոդների կիրառման դեպքում, ըստ Մնացականյանի՝ հայկական կողմի օբյեկտներն ավելի պաշտպանված են լինելու հակառակորդի անօդաչու թռչող սարքերից:

Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է նաև, որ հակառակորդն ունի նաև կադրերի խնդիր, որովհետև ադրբեջանցի զինծառայողները չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ անօդաչու թռչող սարքերը, ինչպես և ծանր հրանետները, խոշոր տրամաչափի ռեակտիվ համակարգերը:

Անդրադառնալով զիջումներին` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը նշել է. «Զիջում չկա, ոչ մեկը զիջումների մասին չի խոստացել, համենայն դեպս՝ ես դրա մասին չեմ լսել», հայտնում է «Ազատությունը»:

Տոնական միջոցառումները Ստեփանակերտում մեկնարկել են մայիսի 9-ին վաղ առավոտյան: Հաղթանակի երթին մասնակցելու համար Ղարաբաղի մայրաքաղաք մեծ թվով հյուրեր էին ժամանել, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղարաբաղի նախագահի ուղեկցությամբ նրանք երթով Վերածննդի հրապարակից շարժվել են դեպի եղբայրական գերեզման: Այստեղ Ղարաբաղի բանակի պատվո պահակախումբը շարային քայլերթ է ցուցադրել: