10 մայիսի 2016 - 11:49 AMT
Լավրովն ու Քերին հեռախոսազրույցում քննարկել են ԵԱՀԿ ՄԽ հնարավոր քայլերը ԼՂ կարգավորման այս փուլում

Մայիսի 9-ին ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի մի շարք այժմէական հարցեր, այդ թվում անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր քայլերին այս փուլում:

Նախարարն ու պետքարտուղարը շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ և կարևորել են պատմական ճշմարտության պահպանումը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:

Ուշադրության կենտրոնում էին ՌԴ և ԱՄՆ ջանքերը որպես Սիրիայի միջազգային աջակցության խմբի համանախագահներ: Կարևորվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության բոլոր շերտերի միջև ՄԱԿ միջնորդությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը և մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խստիվ պահպանումը: Նշվել է ռուս և ամերիկացի զինվորականների սերտ համագործակցության վճռական դերն, այդ թվում Ժնևում ստեղծված համատեղ օպերատիվ կենտրոնի շրջանակում: Լավրովը կրկին մատնանշել է ահաբեկչական խմբավորումներից Վաշինգտոնին կողմնորոշված հակակառավարական խմբավորումների շուտափույթ սահմանազատման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Թուրքիայի տարածքով ծայրահեղականների մատակարարման կասեցումը:

Անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի հարցերին:

Մոսկվան հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա գաղափարների հիման վրա փաստաթղթի ստեղծումը: Այդ մասին է հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովը:

«Երևի, կրքերը պիտի հանդարտվեն, դա հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացն այլընտրանք չունի: Կան հանրահայտ գաղափարներ, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից: Ու ես, ինչպես և նախկինում, համոզված եմ, որ այդ գաղափարները, թեև դժվարությամբ, բայց հնարավոր է վերածել փաստաթղթի, որը բոլոր կողմերին կբավարարի», - նշել է նա:

Տվյալ պահին գլխավոր նպատակը կրակի դադարեցման ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմի մշակումն է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնվել են միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը, ԵԱՀԿ-ն էլ որոշ նախնական ծրագրեր է ներկայացրել: «Ցավոք, 2012-ին գործը դրանից այն կողմ չգնաց: Այսօր Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ուզում է այդ ուղղությամբ ակտիվություն ցուցաբերել, և մենք աջակցում ենք դրան», - ասել էր Լավրովը: