Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել:
Մայիսի 10-ին Բաքվում Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ ամեն տարի նշվում է ծաղկի տոնը: Այդ նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում` էկզոտիկ ծաղիկներ են գնվում Հոլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից: Մինչդեռ ժողովրդի վիճակը գնալով վատթարանում է: Տոնակատարությունը վերջին տարիներին միանշանակ չի ընդունվում Ադրբեջանում:
Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»:
Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը, հայտնում է Meydan.tv-ին:
Պարբերականը նշում է, որ գրաֆիտիի հայտնվելը հուշարձանին նախկինում անհնար էր նույնիսկ պատկերացնել:
Ավանդաբար ծաղիկների ցուցադրությունն առաջինն այցելում է Ալիևների զույգը և հետո միայն` քաղաքի բնակիչներն ու հյուրերը: 3 օրից քաղաքացիներին թույլատրվում է տուն տանել տոնակատարության ժամանակ օգտագործված էկզոտիկ ծաղիկները: Եվ սկսվում է հրմշտոց, ամբոխի իրարանցում մնացորդների համար, ինչը ողորմելի տեսարանների առիթ է դառնում: Հենց այդ հրմշտոցի համար էլ ծաղիկների տոնը սկսել են կոչել «Ստրուկների տոն»: