11 մայիսի 2016 - 11:54 AMT
ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայինները գազի 2 հանքավայր են գրավել Հոմսում և սպառնում են Պալմիրային

«Իսլամական պետության» ահաբեկիչները վտանգավոր հակահարվածներ են ձեռնարկել սիրիական Հոմս գավառի արևելքում, որի արդյունքում նրանց հաջողվել է գազի 2 հանքավայր գրավել` Շաեր և Մահր հանքերը: Այդ մասին հայտնել է Դամասկոսին մոտ լիբանանյան «Աս Սաֆիր» թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարական ուժերը կատաղի մարտեր են վարում ԻՊ ավազակախմբերի հետ Ջեզալ հանքավայրի մոտ և փորձում են կրկին իրենց հսկողության տակ վերցնել Տ-4 օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա գտնվող բանակի զորանոցները»,-գրում է թերթը: Ըստ չհաստատված պաշտոնական տեղեկությունների, գրոհայիններին հաջողվել է խոցել Սիրիայի ՌՕՈւ ուղղաթիռ:

Ինչպես գրում է «Աս Սաֆիրը» գրոհայինները նաև փորձում են գրավել Խավատիմա բնակավայրը, որտեղից կկարողանան դարձյալ սպառնալ Պալմիրային:

SANA գործակալությունը հայտնում է, որ սիրիական օդուժը ինտենսիվ հարվածներ է հասցնում հակառակորդին Հոմսից 120 կմ հեռավորության վրա:

Սիրիական բանակի հրամանատարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում շտկելու համար իրավիճակը Հոմսի արևելքում` պահուստային զորամիավորումներ են բերվում ռազմաճակատի այլ հատվածներից: Բոլոր հանքավայրերը` Շաերը, Մահրը ու Ջեզալը ռազմավարական նշանակություն ունեն Սիրիայի տնտեսության համար: Այդ հանքավայրերի գազով են աշխատում Հոմսի և Դամասկոսի ՀԷՑ-երը, որոնք էլեկտրաէներգիայով են մատակարարում երկրի կենտրոնական և հարավային շրջանները:

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Մարտի 25-ին ազատագրել է Պալմիրայի մոտ գտնվող Սիրիատել բարձունքը: Սիրիական բանակի մարտիկները պոկել են ԻՊ դրոշը Պալմիրայի հին ամրոցի բարձունքից: Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը:

Պալմիրան կարևոր ռազմական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան: