Եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները և պատերազմը, ապա Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում հանրապետության նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և եթե շարունակվի այդ ոտնձգությունը և այդ պատերազմը, ապա մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա», - ասել է Հայաստանի վարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է ուշանում Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը, և հնարավո՞ր է, որ այն չստորագրվի` Աբրահամյանը պատասխանել է. «Չի ուշանում, քննարկման նախապատրաստական փուլում է»:
Համաձայնագրի անհրաժեշտության մասին դեռևս ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանձնարարելով արտգործնախարարությանը համապատասխան աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ:
Քանի որ Հովիկ Աբրահամյանը նոր է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ղարաբաղի կառավարության անդամների և նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել է առաջնագծում` նա անդրադարձել է նաև տիրող իրավիճակին. «Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներից, պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ բարձր վստահություն կար մեր ապագա հաղթանակների համար։ Դա նաև մեզ ոգևորեց», - ասել է Հովիկ Աբրահամյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը շարունակելու հարցին` վարչապետն ասել է. «Մեր նպատակը, մեր ցանկությունը, որպես ռազմավարական գործընկեր, մի քանի հարթակներից հայտնել ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, ուղղակի մենք հիմա զբաղված ենք մեր երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացում, որից որ պետք է ածանցվի մեր ապագա բոլոր հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, մայիսի 12-ին կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»։
ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանում ներկայացրեց «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ: «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ ասված է, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար¬կում¬ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,-ասել է նա: